2019 թ-ի մայիսի 18-ից 19-ը Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում անցկացվեց «Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ուղղված նորարար գաղափարների» երկրորդ մրցույթը:

Միջոցառման շրջանակում հրավիրված մասնագետների մասնակցությամբ անցկացվել են ներկայացումներ եւ քննարկումներ՝ զբոսաշրջությանն առնչվող արդիական թեմաների շուրջ:

Ամբողջ Հայաստանից 23 թիմեր 24 ժամվա ընթացքում աշխատել են իրենց գաղափարների եւ լուծումների նախատիպերի վրա եւ ներկայացրել ժյուրիին:

Մրցույթի ընթացքում թիմերին խորհրդատվություն են տրամադրել absoluteGPS-ի եւ HeroHouse-ի մասնագետները:

14:46 | 10.04.18

Հայտնի են զբոսաշրջության զարգացմանն ուղղված հաքաթոնի հաղթողները

Ժյուրիի կազմում էին absolutGPS-ի (Գերմանիա), Catalyst հիմնադրամի, SmartGateVC-ի, Tufenkian Hospitality-ի, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի, ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի եւ ՄԱԶԾ ներկայացուցիչները:

Հաղթող են ճանաչվել հետեւյալ թիմերը:

Guide me (Երեւան, 2,000,000 ՀՀ դրամ) — մոբայլ հավելված, որը 4-8 րոպեի ընթացքում 10 լեզուներով կպատմի մշակութային եւ պատմական ավելի քան 60 վայրերի մասին: Հավելվածում հասանելի քարտեզում նշված կլինեն հյուրատները, սննդի կետերը, հեծանվային եւ քայլարշավային երթուղիները:

Armenian discovery (Երեւան, 1,200,000 ՀՀ դրամ) — օնլայն խանութ եւ տեղեկատվական հարթակ, որտեղ ներգնա տուր օպերատորները կարող են գրանցել իրենց ընկերությունները եւ ստանալ մինի կայք: Սա Հայաստանի հեռավոր գյուղական վայրերում բնակվող ստեղծագործ մարդկանց հնարավորություն կտա աշխարհի տարբեր անկյուններում վաճառել սեփական պրոդուկտները:

Guru guide (Երեւան, 750,000 ՀՀ դրամ) — հավելվածի օգնությամբ քաղաքների եւ գյուղերի բնակիչները կարող են սովորել եւ դառնալ զբոսաշրջային գիդ, գրանցվելով հավելվածում գտնել աշխատանք եւ կիսվել իրենց քաղաքներին վերաբերող պատմություններով:

Նշված մրցանակները տրամադրվել են ԵՄ-ն բիզնեսների համար նախաձեռնության մաս կազմող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի կողմից առաջարկվող լուծումների հետագա զարգացման համար մասնագիտական ծառայությունների տեսքով՝ մարքեթինգային ծախսեր, բիզնես խորհրդատվություն, թարգմանչական ծառայություններ կամ ուսումնական այց դեպի Եվրոպա:

Հեքըթոնի մասնակից մի քանի այլ թիմեր ստացել են խրախուսական մրցանակներ՝ ժյուրիում ներգրավված գործընկեր կառույցների կողմից:

Մասնավորապես՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) պատրաստակամություն է հայտնել աշխատել Visit My Armenia, Armenia Discovery, Improvis, Boo, Hako թիմերի հետ՝ վերջիններիս գաղափարների իրագործման ուղղությամբ:

«Թուֆենկյան Հոսփիթալիթի» ընկերությունը DentTur թիմին տրամադրել է 4 անվճար գիշեր Ձորագետի Թուֆենկյան հուրանոցում:

HeroHouse-ն իր հերթին Travel Trivia թիմին I-game ամպային հարթակում $100,000 արժողությամբ կրեդիտ է տրամադրել:

Մրցույթը կազմակերպել էր Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը եւ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը: Մրցույթի իրականացման գլխավոր աջակիցն էր՝ ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության մաս կազմող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության եւ Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության կողմից եւ իրականացվում ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում:

Միջոցառման իրականացմանն աջակցել են նաեւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (USAID), Նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնը (ISTC), ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն, Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (UNDP) Ինտեգրված Գյուղական Զբոսաշրջության Զարգացում նախագիծը եւ Լոռու մարզպետարանը։

Փորձելով գտնել, թե որոնք են Հայաստանի հյուսիսային շրջաններում զբոսաշրջության զարգացման մարտահրավերները, մրցույթը նպատակ ուներ առաջարկել հնարավոր թվային եւ տեխնոլոգիական լուծումներ, որոնք առավել գրավիչ կլինեն ինչպես տեղաբնակ, այնպես էլ օտարազգի զբոսաշրջիկների համար եւ կապահովեն մեծ եկամուտ նրանց համար, ովքեր իրականացնում են տվյալ գաղափարները եւ ծրագրերը:

Հիշեցնենք, որ հեքըթոնն առաջին անգամ անցկացվել էր Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում՝ 2018 թվականի ապրիլի 7-ից 8-ը։

 

Աղբյուր՝ geek.am