Հակոբ Մովսես, Շարական, Գրառումներ 2

Դիմագրքի իմ լրահոսում երբեմն հայ հեղինակների բանաստեղծություններ են հայտնվում։ Ցավալի է, բայց մեծ մասամբ նույները` դպրոցական ծրագրից։ Մինչդեռ թե՛ դասականների ժառանգությունն է շատ ավելի հարուստ, թե՛ հայ գրողների արդեն երրորդ սերունդն է ասպարեզում, որին դպրոցում/բուհում չեն անցնում, և ընթերցողը չի ճանաչում։

Անցած տարի ՀՀ մշակույթի, կրթության եւ գիտության նախարարությունները համատեղ ձեռնարկել էին «Քո արվեստը դպրոցում» դրամաշնորհային ծրագիր, որի մասնակիցներից մեկը պարզել էր, որ Հովհաննես Գրիգորյանի (1945-2013) անունը անգամ Գյումրիի դպրոցականները չգիտեն։

Անգա՛մ, որովհետև գյումրեցի Հովհաննես Գրիգորյանը 1960-ականներից հայտնի բանաստեղծ է, որի գործերը՝ լի առօրյայի հումորային փոխկանչերով ու ինքնահեգնանքով, դյուրըմբռնելի են, սիրվող։ Հեղինակն էլ արդեն ողջ չէ, այսինքն՝ նախանձ, քեն, անձնական հարաբերությունների այլևայլ թնջուկներ, չեն խոչընդոտի, որ արժանի ճանաչում ստանա, բայց իր օրինակը վառ ապացույց է, որ հանրակրթական հաստատությունները փակ են ժամանակակից գրականության, ըստ ամենայնի, նաև՝ արվեստի առաջ։ Մինչդեռ նշածս երեք սերնդում տասնյակ հեղինակներ կան, որոնց ստեղծագործությունները ժամանակակից արտահայտչաձևերով, լեզվի գաղտնարաններից պեղած բառերով ու երանգներով, իրականության կազմաքանդման ու վերամոդելավորման նոր փորձառությամբ ընթերցողին մտավոր արկածի ու գեղագիտական բացահայտումների հիանալի հնարավորություն են ընձեռում։

Ընդ որում, իմ «ցուցակում» կան բանաստեղծներ, որոնք ուղնուծուծով փորձարար են՝ մի ոճի մեջ «տիտիկ չեն անում», և ուրիշներ, որոնց ոճը ճանաչելի է երիտասարդ տարիքից։ Կան «ժամանակի շունչն» արտահայտողներ («Թե ուզում ես երգդ լսեն, / Ժամանակիդ շունչը դարձիր», Չարենց), կան և «ժամանակին հակադրվողներ»։ Երկրորդների թվին է պատկանում Հակոբ Մովսեսը։ Նրա վերջին ժողովածուի «Շարական» վերնագիրը հղում է հոգևոր երաժշտությանը, որն անցյալի երևույթ է (Անտարես, 2016, Տիգրան Ալեքսանյանի մեկենասությամբ)։

Պատահական չէ, որ հեղինակը ժամանակակից գրականության շրջանառության նեղացումը… դրական է համարում. «Պոեզիան,- ասենք՝ ողջ գրականությունը,- այլևս հասարակական գործառույթ չունի. դրանով այն դեն է նետել զանգվածայնության և հանրամատչելիության իր զսպաշապիկը» (Գրառումներ 2, էջ 42, 2017, Հայագիտակ, Տիգրան Ալեքսանյանի մեկենասությամբ)։

Գուցե թվա՝ միտքը հակադրվում է իմ նախաբանին. ես դժգոհ եմ, որ ժամանակակից գրողներին չգիտեն, իսկ Հակոբը ուրախ է, որ գրականությունը այլևս զանգվածային չէ։ Բայց իրողությունը, որ մեր երկիրը եղել ու մնում է գրակենտրոն՝ Աստվածաշնչի թարգմանությունից մինչև Սովետ (երբ Ստալինն անձամբ էր կարդում ու արգելում ստեղծագործությունների տպագրությունը, դիցուք՝ Չարենցի «Աքիլլես և Պիերո» ինտերմեդիան) և մեր օրերը, երբ հազարավոր գեղարվեստական գրքեր են տպվում՝ ի հեճուկս սպառման դժվարությունների, ենթադրում է, որ ոչ միայն դասական, այլև նորագույն գրականությունը մասնակցի ազգային ինքնության ձևավորման գործընթացներին («Գրականությունը — ապագայի գուշակությունը չէ՞ մեր մասին», Գրառումներ 2, էջ 289)։

«Զանգվածայնության և հանրամատչելիության իր զսպաշապիկը» դեն նետած պոեզիան Հակոբ Մովսեսի «Շարական» գրքում հասնում է վերացարկման մի աստիճանի, երբ հեղինակի հիմնական նյութը իրականությունը չէ, այլ նրա հոգևոր, մշակութաբանական, փիլիսոփայական ընկալումները։ Եվ նույնիսկ բանաստեղծության կարևորագույն բաղկացուցիչները՝ լեզուն, քնարական հերոսը, առհասարակ՝ պոետիկան, արտահայտչամիջոց չեն, կրում են էութենական գործառույթ։

Լեզուն, որ «աշխարհի հյուրընկալն» է, ունի հրաշագործ ազդեցություն, երբ հյուր է գնում աշխարհին.

Եվ այդ մեր բերաններում ապաստանած լեզուն չէ՞ր, որ այնուհետ հեռուներում լացող դուրսը ներս բերեց։ (Էջ 30)

Բանաստեղծն առնում «իր ժողովրդին և իր երկրի զմրուխտե սարերն» է հանում,

այստեղ կտրուկ անցում կատարելով՝ լեզվաբանության ձեռնարկը ձեռքն առավ և մահը գոյության քերականության մեջ Ըղձականի հետ համեմատեց… (Էջ 170)

Բանի՝ Աստծո խոսքի, սրբազան կարգավիճակը տարածվում է նաև բանաստեղծության վրա, որտեղ կպատահեն

թաքնված ալիտերացիաներ, ներքին հանգեր և այլ գեղեցիկ խորամանկություններ…(Էջ 112)

բայց տաղաչափությունը որպես ամբողջություն երկրային ծագում չունի.

Համենայն դեպս՝ երկուսս էլ ձեր ապավենով ու սատարով ենք այդ տողի վրա նետվել, երկնային չափե՜ր։ Լազուր զանգվածնե՜ր։ Կապույտ ծավալնե՜ր։ (Էջ 83)

Տառերը՝ որպես Մեսրոպ Մաշտոցի երեսունվեց մեղուներ, հազիվ թե խոսքի՝ գոյության մեղրն են գոյացնում.

— Մարդի´կ, դուք Հացեկաց գյուղից այն Մեսրոպին գիտե՞ք, ով իր երեսունվեց մեղուների փեթակը շալակած եկավ և դրանք մեր դաշտերում դրեց՝ մեզ կանչելով մի-մի փարչ առած վազելու դեպի մեղրաքաղության լանջերը երփինազարդ։ (Էջ 12)

Կետադրական նշանները, որ քերականության զորավարների դասից չեն, ի վիճակի են զարմանալի հապաղումներ առաջացնել, երբ «Նա» է իրականության բնագիրը ընթերցում.

Նրա սիրած կետադրությունը շեշտն է, որով Նա աշխարհը շեշտեց, և մեր սրտերը ի՜նչ սոսկումով ու բերկրանքով է լցնում սարերին դրվող Նրա կայծակի հրավառ բացականչականը, սակայն մի´ մոռացեք նաև ապաթարցը, ախ, Նա նրանով մեռյալներին ապաթարցեց։ (Էջ 40)

Իսկ գաղտնավանկն էլ, ահա, գոյության գաղտնի բազմաստիճանությունն է արտահայտում.

….երեխաներ, մեր մեռյալները թեև չեն գրվում, սակայն արտասանվում են… (Էջ 142)

«Շարական» ժողովածուի մեջ գրությունը շատ ավելի համապարփակ է, քան կյանքը.

— Եվ մեր ձեռքը տված անվախճան մի գրություն, որին կցված է կյանքը՝ փոքրիկ ներածություն… (Էջ 108)

և ասույթը մրցակից է նորագույն գիտական պատկերացումներին.

…թեև տիեզերքը մի պատկերացմամբ անսահման է, սակայն մի այլ պատկերացմամբ այն Աստծու բերանում կարճ է և համառոտ, ընդամենը ինչպես ասույթ…

Երգը իջնում ու չափման միավոր է դառնում առօրյայում, բայց՝ նույնպես խորհրդապահորեն.

…տանձն ի՞նչ արժե, հարցրեցի և զարմացա. Աշոցքից Զանգեզուր՝ յոթ երգի ճանապարհ է, իսկ դու մի կիլո տանձն ասում ես՝ հազար… (Էջ 22)

Այս հոգևոր աշխարհի բնական առանձնահատկությունն է, որ բանաստեղծը նրա գահակալը չէ, այլ գանձ որոնողը կամ Հ. Մովսեսի «Յոթերորդ որսորդություն» ժողովածուի որսորդը.

…ի՞նչ է որոնածը բանաստեղծի — բազում բառերի մեջ ընդամենը մի բառ…  (Էջ 44)  

…թույլ տուր ինձ ներս մտնել, բառի՛ բնակարան… (Էջ 196)  

Հակոբ Մովսեսի երկու գրքի մասին իմ նոթը ուզում եմ ավարտել մի քանի հարցով.

Առաջին երկու հարցին կպատասխանեմ՝ ոչ, 3-րդին՝ շատ են դիպուկ ու վառ դիտարկումները, բայց հաճախ իմ առարկություններն ունեմ։ Ուրեմն, ինչո՞ւ որոշեցի անդրադառնալ։ Ես ազգային ինքնության կարևորագույն բաղադրիչներից եմ համարում քրիստոնեությունը, որը բոլշևիկները բռնությամբ արմատախիլ են արել Հայաստանում և լիակատար վերականգնման ենթակա չէ ավանդութենական շատ երևույթների նման։ Իսկ Հակոբ Մովսեսի գրքերը առաջին աստիճանի աղերսներ են հավատի, քրիստոնեական ժառանգության, ինչպես նաև հոգևոր մշակույթին սերտորեն առնչվող պոետների՝ Միսաք Մեծարենցի ու Ինտրայի, Ռայներ Մարիա Ռիլկեի ու Պոլ Վալերիի հետ։ Բանաստեղծի՝ անցյալ դարասկզբի «զրուցակիցների» թվարկումը կարող է կասկած առաջացնել, որ «Շարականը» անախրոնիկ է։ Իմ կարծիքով՝ ոչ. գիրքը յուրատեսակ հռչակագիր է, որ մեր ժամանակի և XX դարի միջև ստեղծված մի մեծ մշակութային շերտ հեղինակը չի ընդունում։ Հաստատումը կարող ենք գտնել «Գրառումներ 2»-ում. «հետչարենցյան բանաստեղծությունը» նա համարում է «20-րդ դարասկզբի հայոց բանաստեղծության զեղչը… գնանկումը… էժանացումն ու գռեհկացումը… «Ժողովուրդ» բառն օգտագործելով՝ այն բանաստեղծությունը հանձնեց միջակ ընթերցողի ձեռքը» (Էջ 111)։

«Շարականի» հաջորդ կարևոր արժանիքն է, որ վերնագրով ու ընդհանուր բառամթերքով վտանգավոր մոտիկության մեջ գտնվելով հանդերձ՝ այն բովանդակությամբ թշնամին է հետչարենցյան պոեզիայի հետստալինյան շրջանի մոմերի ու բուրվառների, աղոթքների ու սաղմոսների, խաչքարերի ու քրիստոսների, որոնցով, սովետական գրաքննության մեղմացմանը զուգահեռ, հեղեղվեցին հայտնի ու անհայտ հայ բանաստեղծների ժողովածուները։

«Հետչարենցյան բանաստեղծություն» ձևակերպումն ընդհանուր է, այդ պատճառով հիշեցնեմ, որ այնտեղ կան շատ փառաբանված անուններ, որոնք Հակոբը չի նշել, բայց ես… իր հետ համաձայն եմ։ Եթե նշեր, կբացատրեի՝ ինչու, և գուցե աղմկահարույց մի քննարկում սկսվեր, բայց առայժմ ասեմ, որ «քրիստոնեական» ու «ազգային» պաճուճանքներով լի ստեղծագործությունների սովոր «միջակ ընթերցողի» համար «Շարականը» և «Գրառումներ 2»-ը հիանալի առիթ են ծանոթանալու մշակութային խոր արմատներ ունեցող երկու նոր գրքի։

Աղբյուր՝ hetq.am