Երևան քաղաքի ավագանին որոշում ընդունեց ՀՀ վաստակավոր երկրաբան, դոկտոր, պրոֆեսոր Սողոմոն Բալյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը Հանրապետության փողոց հ. 69 հասցեում փակցնել:

Ավագանու «Լույս» խմբակցության քարտուղար Անի Խաչատրյանը նշեց, որ դեռ «Ելք» խմբակցության ժամանակ է եղել առաջարկը:

ԲՀԿ խմբակցությունից Միքայել Մանրիկյանը նկատեց, որ եթե այս տեմպերով շարունակենք, շուտով Երևանի բոլոր բնակելի շենքերը կդառնան հուշահամալիրներ: Նա հարցրեց՝ արդյո՞ք բնակիչների կարծիքը հաշվի է առնվել: Ի պատասխան նախագծի հեղինակները նշեցին, որ այս պահի դրությամբ բնակիչների կարծիքը ստորագրությունների տեսքով չկա, և դա օրենսդրությունը չի էլ նախատեսում, թեպետ պատրաստվում են քննարկում իրականացնել:

Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը կարևորեց այս հարցի բարձրացումը և նշեց, որ այն, ինչ ունենք այսօր, խարսխված է կառավարության կարգի հետ: «Մեր խնդիրն այլ է, մենք չունենք համաքաղաքային կանոն, որով պետք է հուշատախտակները տեղադրվեն: Առաջին հարցադրումը, որը բաց է՝ ո՞ւմ կարելի է  թույլատրել: Հարցը ունի և բարոյական կողմ և կանոնակարգման կողմ: Մայրաքաղաքի շենքերի պատերին արդեն ոչ թե հուշատախտակներ են, այլ թոխմախի տապանաքարեր, դա նորություն չէ»,-ասաց:

Նա և նշեց, որ շենքեր կան, որտեղ այլևս տեղ չկա որևէ նոր հուշատախտակի համար:

Կամո Արեյանը նաև կարծիք հայտնեց, որ ժամանակն է հասունացել, որ հուշատախտակների համար միասնական մեկ էսքիզային տարբերակ գործի ամբողջ քաղաքում, միաժամանակ նա շնորհակալություն հայտնեց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին հարցը դեպի կարգավորում տանելու համար: Քաղաքապետ Հայկ Մարությանն էլ ավելացրեց, որ կարծում է՝ մինչև սեպտեմբեր ստանդարտներ ընդունվեն:

Աղբյուր՝ tert.am