2019-ի ամառը հարուստ է աղմկահարույց իրադարձություններով։ Էդեն Ազարը «Չելսիից» տեղափոխվեց «Ռեալ», Լյուկ Էրնանդեսին ձեռք բերեց «Բավարիան» և Հյումելսին հետ ուղարկեց Դորտմունդ: Իսկ նույն «Բորուսիան» ու «Ռեալը» միասին գնեցին մի քանի հիանալի ֆուտբոլիստների։ Արդեն կես ամիս է, ինչ ընթացքի մեջ են 5 տրանսֆերներ, որոնք խոստանում են մինչև տրանսֆերային պատուհանի փակումը լարված պահել բոլոր երկրպագուներին։ Հսկայական գումարներ, ֆանտաստիկ ֆուտբոլիստներ, գրանդ ակումբներ: Armsport.am-ը մանրամասն կպատմի հավանական տրանսֆերների մասին, որոնց բաց թողնելը, առնվազն, հանցագործություն է: 

Նեյմար (ՊՍԺ) — 300 միլիոն եվրո

Հավակնորդներ՝ «Բարսելոնա», «Ռեալ Մադրիդ»

Սկսենք և ավարտենք ցուցակը Top-5-ի ամենասկանդալային կերպարներով: Բազմաչարչար Նեյմարը վերջին մեկ ամսվա ընթացքում հաճախ է հայտնվել մեդիայի ուշադրության կենտրոնում, թեև խաղադաշտ դուրս չի եկել։ Դրաքսլերի հետ կոնֆլիկտը հանդերձարանում, բրազիլական մոդելի բռնաբարության պատմությունը, տնային Copa America-2019-ի վնասվածքը և իհարկե ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ Հելաիֆիի կոշտ հայտարարությունը: Նեյմարին հասկացրել են, որ նրա կամակորությունները չեն կարող երկար շարունակվել. կամ պետք է խելքի գա կամ հեռանա: Սակայն առաջ է ծագում դժվարություն՝ բրազիլացու բարձր հրաժարագինը 300 մլն եվրո է։

ՊՍԺ-ի նախագահի կոպիտ հայտարարությունները ազդեցին Մբապեի վրա։ Կիլիանի տեղափոխության մասին լուրերը միանգամից անհետացան, սակայն Նեյմարի «նվնվոցը» մնաց առաջվանը։ Բրազիլացին կրկին սեր է խոստովանում «Բարսելոնային» և համաձայն է աշխատավարձի լուրջ իջեցման, միայն թե կատալոնացիները նրան վերադարձնեն։ «Ռեալի» հետ բանակցությունները Նեյմարը կսկսի միայն այն դեպքում, եթե «Բարսելոնա» տեղափոխությունը ձախողվի։Առայժմ սկանդալային հարձակվողը հեռու է Իսպանիայից։ Իսպանական գրանդները չեն կարող տրամադրել պահանջվող գումարը, առավելագույնը 100 միլիոն և մեկ ֆուտբոլիստ: «Կապտանռնագույնները» պատրաստ են զոհաբերել Ռակիտիչին կամ Կոուտինյոյին, իսկ «սերուցքայինները»՝ Գարեթ Բեյլին։

Անտուան Գրիզման («Աթլետիկո Մադրիդ») — 120 միլիոն եվրո

Հավակնորդներ՝ «Բարսելոնա», ՊՍԺ

«Բարսելոնայի» և ՊՍԺ-ի անունները պարբերաբար շոշափվում են հուլիսի բոլոր հնարավոր բարձրագոչ տրանսֆերների շնորհիվ։ Գրիզմանի հետ կապված իրավիճակը մի փոքր ավելի հեշտ է։ Անտուանը արդեն հայտարարել է, որ կհեռանա «Աթլետիկոյից», միայն թե Ֆրանսիայի հավաքականի առաջատարի տեղափոխության հետ անսպասելի խնդիրներ առաջացան։ Կամ «Բարսելոնան» հերքում է Գրիզմանի նկատմամբ հետաքրքրությունը կամ «Աթլետիկոյի» մարզական տնօրենն ասում է, որ Անտուանը կատալոնացիների հետ պայմանագիրը համաձայնեցրել է դեռ մարտին:

Մինչդեռ «Բարսելոնան» միակը չէ, ով ցանկանում է ձեռք բերել ֆրանսիացուն: Ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են նաև հայրենի Ֆրանսիայում: ՊՍԺ-ում խոսում են, իբր Գրիզմանը ուրախ կլինի հանդես գալ Ֆրանսիայում, խաղալ իր հարազատների առջև, կցանկանա նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը Մբապեի հետ կողք-կողքի: Իսկ հետո ամեն ինչ լռում է։ Պարզ է միայն մեկ բան. «Բարսելոնան» և ՊՍԺ-ն սպասողական դիրք են գրավել մինչև հուլիսի 1-ը։ Այդ ժամանակ Անտուան Գրիզմանի հրաժարագինը կնվազի մինչև 120 մլն եվրո և հնարավոր կլինի սկսել բանակցությունները։

Մատեյս դե Լիգտ («Այաքս») — 90 միլիոն եվրո

Հավակնորդներ՝ ՊՍԺ, «Բարսելոնա», «Յուվենտուս», «Մանչեսթեր Յունայթեդ»

Եվ ահա ամռան ամենահամարձակ պատանին։ Մատեյս դե Լիգտն արդեն մերժել է «Մանչեսթեր Յունայթեդին» ու «Բարսելոնային», սակայն նրանք շարունակում են պայքարել տաղանդավոր հոլանդացու համար՝ փորձելով փակել կենտրոնական պաշտպանի դիրքը ամենաքիչը 10 տարով։ «Այաքսի» պատմության ամենաերիտասարդ ավագը նաև փոխանցել է ակումբի ղեկավարությանը, որ չի ցանկանում մնալ Հոլանդիայում: «Այաքսի» ղեկավարությունը դեմ չի Դե Լիգտի հեռանալուն, ամստերդամցիները ցանկանում են վաճառել պաշտպանին, քանի դեռ «տաք» է։

Մատեյսի համար ֆավորիտներն են «Յուվենտուսն» ու ՊՍԺ-ն։ Կրիշտիանու Ռոնալդուն Ազգերի լիգայի եզրափակչից հետո Դե Լիգտին հրավիրել է «Յուվենտուս», ինչից հետո «ծեր սինյորան» անսպասելիորեն դարձել է հոլանդացու համար առաջնահերթ տարբերակ: Սակայն Մինո Ռայոլան շարունակում է երիտասարդ պաշտպանի հեռանկարային լինելու հաշվին բարձրացնել հոլանդացու տրանսֆերային արժեքը՝ դրանով իսկ ֆավորիտ դարձնելով ՊՍԺ-ին։ Դե Լիգտը դադար է վերցրել մտորելու համար։

Ֆիլիպե Կոուտինյո («Բարսելոնա») — 130 միլիոն եվրո

Հավակնորդներ՝ ՊՍԺ, «Լիվերպուլ», «Մանչեսթեր Յունայթեդ»

Արդեն երևի հոգնեցիք «Բարսելոնայի» և ՊՍԺ-ի անունները կարդալուց: Կոուտինյոն չարդարացրեց կատալոնացիների սպասելիքները և խայտառակ կերպով հանվել է տրանսֆերի: Բրազիլացուն բաց թողնելու անհրաժեշտության մասին խոսում է յուրաքանչյուր կատալոնացի։ Միակ ակումբը, որը կարող է բավարարել բրազիլացու պահանջները կապված աշխատավարձի և պայմանագրի այլ կետերի հետ՝ ՊՍԺ-ն է: Փարիզեցիները կարող են Կոուտինյոյին փոխանակել Նեյմարի հետ կամ գնել ոչ մեծ գումարի դիմաց։ Ֆիլիպեն Կատալոնիայում «էժանացել է»:

Բրազիլացուն սպասում են նաև Անգլիայում։ «Լիվերպուլի» երկրագուները բրազիլացուն դավաճան են անվանում և ծաղրում նրան, այդ իսկ պատճառով «կարմիրները» չեն շտապում վերադարձնել կիսապաշտպանին՝ մթնոլորտը չփչացնելու համար: Իսկ «Մանչեսթեր Յունայթեդ»  Ֆիլիպեն չի ցանկանում տեղափոխվել «Լիվերպուլի» նկատմամբ հարգանքից ելնելով, քանի որ վերջիններս ոխերիմ թշնամիներ են։ Չնայած ավելի հավանական է, որ Կոուտինյոն խորամանկությունից ելնելով է արել վերոնշյալ հայտարարությունը: Ֆուտբոլիստին չի գրավում «կարմիր սատանաների» անկայուն խաղն ու Եվրոպայի լիգային մասնակցությունը:

Պոլ Պոգբա («Մանչեսթեր Յունայթեդ») — 150 միլիոն եվրո

Հավակնորդներ՝ ՊՍԺ, «Ռեալ Մադրիդ», «Յուվենտուս»

Հավակնորդներում չկա «Բարսելոնան», նշանակում է ցուցակում առաջինը Մադրիդի «Ռեալն» է։ Զինեդին Զիդանը համոզել է Ֆլորենտինո Պերեսին ձեռք բերել Պոգբային Էրիկսենի փոխարեն, ինչից հետո հոլանդացու տրանսֆերի շուրջ լուրերը միանգամից հօդս ցնդեցին: Իսկ ինչ վերաբերում է Պոգբային, նրա շուրջ լուրերը քչանալու փոխարեն սնկի պես սկսեցին աճել: Նույնիսկ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները պահանջում են վաճառել Պոգբայի տրանսֆերը, որպեսզի հանդերձարանում հանդարտվի տիրող թեժ մթնոլորտը: Սուլշերը նույնպես դեմ չէ Պոգբայի հեռանալուն։ Իսկ ֆրանսիացուն ոչ մի կերպ չի հաջողվում փոխել ակումբը, բարձրագույն ղեկավարությունը թույլ չի տալիս։

«Կարմիր սատանաների» նպատակը Պոգբային հնարավորինս թանկ վաճառելն է, սակայն Ֆլորենտինո Պերեսը սկսել է խնայողությամբ օգտագործել ֆինանսական միջոցները: Եթե մարզչական շտաբում Պոգբան հայրենակից չունենար, դժվար թե «Ռեալը» հետաքրքրվեր ֆրանսիացու ծառայություններով: Ազարը ընդամենը 110 մլն եվրո է արժեցել մադրիդցիներին, իսկ Պոգբան հաստատ 150 միլիոն չարժե: Ինչ վերաբերում է «Յուվենտուսին», «ծեր սինյորան» ցանկանում է վերադարձնել Պոգբային, սակայն գրավում է ֆուտբոլիստին միայն Չեմպիոնների լիգայում մասնակցությամբ և մոտավորապես հավասար աշխատավարձով։ Ավելին առաջարկել «Մանչեսթեր Յունայթեդից», «Յուվենտուսը» ի վիճակի չէ:

Աղբյուր՝ armsport.am