Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակում այսօր կայանում է ՀՖՖ 18-րդ տարեկան ժողովը:

Ժողովի ընթացքում լրագրողների հարցերին պատասխանեց ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը.

«Ազգային ստադիոնի վերաբերյալ մշտական աշխատանքներ են կատարվում: Շատ եմ կարևորում այդ հարցը: Դա իրենից պահանջում է հսկայական միջոցներ: Պետությունը որևէ մասնակցություն չի կարող ունենալ ազգային ստադիոնի կառուցման հարցում, այն պետք է կառուցվի մասնավոր միջոցներով: Այսօր շարունակվում են բանակցությունները և կարծում եմ՝ առաջիկայում կունենանք դրական տեղաշարժ:

Ազգային ստադիոնը սկզբնական շրջանում քննարկել ենք կառուցել Երևանում: Հետագա քննարկումների արդյունքում որոշվել է մարզադաշտը կառուցել Երևանին մոտակա մարզերից մեկում: Հիմնական պատճառն այն է, որ Երևանը խիտ կառուցապատված է: Մարզերից մեկում այն կառուցելով՝ կնպաստենք նաև մարզադաշտի մոտակայքում այլ կառույցների շինարարությանը, որով կնպաստենք մարզերի զարգացմանը»,- ասաց Վանեցյանը:

Աղբյուր՝ armsport.am